Մեր մասին

Tea with Strangers: Chinese tea ceremonies with strangers

«Հետաքրքիր անծանոթի հետ թեյ վայելելը կյանքի իրական հաճույքներից է»:
Այրո

Ըստ մի առասպելի, Ցին կայսրության ժամանակաշրջանի չինացի գրող Պու Սունլինը օրերից մի օր թեյարան է բացում, սակայն հաճախորդներից երբեք գումար չի վերցնում: Նա ճամփորդներին և այցելուներին բարձրորակ թեյատեսակներ է հյուրասիրում և գումարի փոխարեն խնդրում միայն, որ իրենք որևէ հեքիաթ կամ հետաքրքիր պատմությամբ կիսվեն իրենց կյանքից: Ասում են, որ այս պատմություններով ոգեշնչված, Պու Սունլինը հետագայում բազում պատմվածքներ է գրում, որոնք հայտնի են դառնում ամբողջ Չինաստանում: Ինքներս ոգևորվելով այս առասպելից՝ մենք սկսեցինք «Թեյ անծանոթների հետ» նախագիծը:

Գաղափարը շատ պարզ է. մենք մեր թեյի սպասքով նստում ենք մի հանրային վայրում (այգի, հրապարակ, փողոց և այլն), պատրաստում ենք թեյ ըստ չինական թեյախմության ավանդույթի և հրավիրում լրիվ անծանոթ մարդկանց մեզ հետ թեյ ըմպելու: Մենք ներկայացնում ենք թեյը, ծանոթանում միմյանց հետ, և ինչպես Պու Սունլինը՝ խնդրում ենք իրենց կիսվել պատմություններով: Մարդիկ հեռանում են, հավանաբար մենք այլևս երբեք չենք հանդիպի: Նրանք շարունակում են իրենց ճանապարհը, իսկ մենք ողջունում և հրավիրում ենք նոր անծանոթների: Նույն ընթացքը, բայց ուրիշ մարդկանց հետ․տարբեր պատմություններ, տարբեր կյանքեր:

Զրույցների լավագույն հատվածները և լուսանկարները տեղադրվում են մեր կայքում և ֆեյսբուքյան էջում, հնարավորություն տալով այլ մարդկանց ևս հետևել մեր հավաքած պատմություններին:

Մեր նախագիծը մեկնարկել է Երևանում, բայց մենք ի սկզբանե գիտեինք, որ ճամփորդությունը պետք է լինի այս նախաձեռնության կարևոր մասը և նոր իմաստ ձեռք բերի: Թեյախմություններ արդեն անցկացվել են Գյումրիում, Էջմիածնում, ինչպես նաև Իրանի Սպահան քաղաքում:

Մեր՝ Իրան կատարած քառասնօրյա ճամփորդության ընթացքում մենք հանդիպեցինք բազմաթիվ բարի մարդկանց, որոնցից յուրաքանչյուրը պատմություններով լի մի առանձին գիրք էր։ Մենք համոզվեցինք, որ պետք է նաև գրենք այն մարդկանց մասին, ում հետ մեր ուղիները խաչվում են ճամփորդելիս։ Ճանապարհը իր ընթացքով ձևափոխեց և զարգացրեց մեր նախագիծը՝ ի վերջո մեկտեղելով մեր երեք սիրելի երևույթները․ ճամփան, անծանոթներին ու թեյը։

«Թեյ անծանոթների հետ» նախագիծը սկսվեց 2015թվ․ մարտի 21-ին՝ Awesome հիմնադրամի երևանյան մասնաճյուղի աջակցությամբ։ 2016թվ․ սեպտեմբերին, մենք նախաձեռնեցինք դրամահավաք՝ նոր գաղափարներ իրականացնելու համար։ Չնայած նպատակային ամբողջ գումարը չհավաքվեց, բայց մենք կարողացանք կուտակել բավարար միջոցներ իրագործելու կարևոր մտքերը։ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում մի քանի բարի մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան «Թեյ անծանոթների հետ» նախագծին․

Արսեն Արամյան (Հայաստան), Սամվել Մարտիրոսյան (Հայաստան), Գոհար Խաչատրյան (Հայաստան), Լիլիթ Քոչարյան (Գերմանիա), Ռուզաննա Բաղդասարյան (Հայաստան), Այրիս Գրահլ (ԱՄՆ), Արմինե Խամոյան (Հայաստան), Կարոլ Մանն (Գերմանիա), Ալիս Մեչիկյան (ԱՄՆ), Արամ Պետրոսյան (Հայաստան), Կարոլ Մարկ (Կանադա), Ջոնաթան Հրաչ Բարիկեան Բլանկենբերգ (ԱՄՆ)։

Եվ անսահման շնորհակալություն Արամ Մուրադյանին և Նարեկ Հարությունյանին, ովքեր իրենց ժամանակը տրամադրեցին մեր կայքի ստեղծմանը։

Սիրով,
Արտյոմ և Նանէ
«Թեյ անծանոթների հետ»

ՄԵԴԻԱՆ ՄԵՐ ՄԱՍԻՆ.
News.am: «Պատրա՞ստ են երեւանցիները թեյ «կիսել» անծանոթների հետ»:
Mynews.am: «Թեյ կխմե՞ք»:
ԵՐԵՎԱՆ ամսագիր: Մի գավաթ` մի պատմություն(էջ 44-45)