Սերբիական թխվածքաբլիթները Կոսովոյում

Tea with Strangers. Open-air Chinese tea ceremonies with strangers around the world.

«Սա մի պատմություն է Կոսովոյից: Ինչպես գիտեք՝ Սերբիայի և Ալբանիայի միջև որոշակի խնդիրներ կան, և Կոսովոյի մեծ մասը այժմ ալբանացիներով է բնակեցված, բայց արևմտյան մասը ավելի խառն է, քանի որ այնտեղ շատ են ալբանական ու սերբական գյուղերը՝ ողջ ճամփին հերթափոխով տեղակայված, ու մեկը մյուսին հիմնականում ատում են:

Եվ այնտեղ մի բան կա, որն ավտոստոպը շատ ավելի դժվար է դարձնում. յուրաքանչյուր մեքենա ունի իր համարանիշը՝ կամ սերբական, կամ ալբանական, և կախված դրանից դու կարող ես գնալ այդ համապատասխան գյուղերը: Ստացվում է, որ այնտեղ ավտոստոպ անելիս, առաջին մեքենան քեզ կտանի երկու կիլոմետր հեռու գտնվող գյուղը, որից հետո էլ չի քշի, և դու ստիպված կլինես քայլել 2-3 կիլոմետր այնկողմ գտնվող գյուղը, որը մյուս համայնքին է պատկանում, և ապա միայն ավտոստոպ անել այնտեղից. ստացվում էր՝ մեկ ավտոստոպ, մեկ քայլք:

Եվ ամեն անգամ մարդիկ քեզ իրենց տուն են հրավիրում, ու դու ստիպված ես թեյ խմել ու քայլել, թեյ խմել ու քայլել: Եվ ընթացքում լսում ես, որ ալբանացիները ասում են, թե ինչ վատն են սերբերը, սերբերից էլ լսում ես, թե ինչ վատն են ալբանացիները: Ինչ-որ մի հատվածում գյուղերը սկսում են ավելի ու ավելի կտրված դառնալ, և ես ստիպված էի քայլել 3-4 կիլոմետր առանց որևէ մեկին հանդիպելու: Երթևեկությունը ևս քչանում էր: Ես միայն մեկ հեծանվորդի հանդիպեցի, ով ավստրալացի էր և հեծանիվով գնում էր Գերմաիայից դեպի Ավստրալիա: Մենք կանգնեցինք այնտեղ և կես ժամ խոսեցինք իրար հետ՝ երկու այլմոլորակայիններով:

Ի վերջո հասա սահմանին, որը պատերազմական գոտու էր նման: Արդեն մութ էր, պահակներն էլ չէին հասկանում՝ արդյոք զինվոր եմ, ով իրենց վրա է հարձակվում, թե ընդամենը այնտեղ ճամփորդող օտար եմ, բայց պարզ էր, որ իրենց համար ես նորմալ մեկը չէի: Մոտ տասը րոպե ես անգամ չէի կարողանում անձնագիրս իրենց տալ, քանի որ նրանք պարզապես դեմքիս էին նայում: Հարցրեցի՝ կարող եմ անցնել, բայց նրանք իրար մեջ քննարկում էին՝ արդյոք ես ինձնից վտանգ ներկայացնում եմ, թե ոչ:

Անձնագիրս իրենց տվեցի: Իսկապես պետք է զգույշ լինել այս սահմանն անցնելիս: Դու Կոսովոյից Սերբիա կարող ես անցնել միայն այն դեպքում, եթե սկզբում Սերբիայում ես եղել և Կոսովո ես հասել Սերբիայով, քանի որ նրանց համար Կոսովոն դեռևս Սերբիայի մի մասն է: Այսինքն, եթե օրինակ դու Կոսովո մտնես Մակեդոնիայից, դու այլևս չես կարող գնալ Սերբիա, քանի որ իրենց համար դու անօրինական ես մտել երկիր: Ես Սերբիայից էի մտել Կոսովո, ուստի խնդիր չունեի, բայց առաջին մաքսակետում սահմանապահները կնիքը ինչպես հարկն է չէին խփել: Ուստի երբ անձնագիրս տվեցի, ավելի վատ եղավ, քանի որ նրանք տեսան, որ կնիքը չկա, և իրենց համար ես չէի եղել Սերբիայում: Նրանք սկսեցին տարբեր մարդկանց կանչել՝ հասկանալու, թե արդյոք կարող եմ անցնել սահմանը թե ոչ: Ետ գնալը լավ տարբերակ չէր լինի ինձ համար:

Մոտ մեկ ու կես ժամ անցավ: Եվ ինձ փրկեց միայն այն, որ մեկ ու կես ժամ իրենց քննարկումներից և հեռախոսազանգերից հետո, երբ ես սպասում էի ու ոչ էլ գիտեի ինչ անել, պայուսակիցս հանեցի մի տուփ թխվածքաբլիթ ու սկսեցի ուտել: Ես այս թխվածքաբլիթները Սերբիայից էի գնել: Նրանք տեսան այս տուփը ու ասացին՝ «հա, փաստորեն դու իսկապես եղել ես Սերբիայում»: Այսպիսով ես կարողացա անցնել սահմանը՝ մի տուփ թխվածքաբլիթի շնորհիվ»:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *