Միայն դու ու ճամփան

Tea with Strangers. Open-air Chinese tea ceremonies with strangers around the world.

«Ինչու՞ եմ ես ավտոստոպով ճամփորդում։ Դա միայն այն զգացումը չէ, որն ունենում ես, երբ հասնում ես քո ծրագրած կամ չծրագրած վերջնակետին՝ ամբողջ օրը ճանապարհներին լինելուց հետո։ Դա միայն բազմատիպ մարդիկ չեն, ում հանդիպում ու ակնթարթներ ես կիսում այդ փոքրիկ սլացող մետաղական տուփիկի մեջ, ում հետ դու այլ կերպ անգամ խոսքով չէիր կիսվի։ Մի կենսակերպ, որում և դու, և իրենք ստանում են մի բացարձակ այլընտրանքային իրականության զգացողություն, դուք սովորեցնում ու ոգեշնչում եք իրար։

Լեզվական տարբերությունը իրականում այդքան էլ մեծ խնդիր չէ, այն ավելի շատ մարտահրավեր է՝ ձեռքով-ոտքով շփվել կարողանալու համար։ Ես հաջողացրել եմ փիլիսոփայությունից խոսել միայն մի քանի բառ փոխանակելով։ Անթիվ են եղել այն դեպքերը, երբ մարդիկ ինձ սնունդ ու օթևան են առաջարկել, երբ ինձ տուն են քարշ տվել, դիմացս դրել են մի բլուր գյուղական ուտելիք ու պարզապես խեղդել թեյի մեջ:

Չեմ կարող նկարագրել երեխաների հիացած դեմքերը, երբ լուսամուտից տեսնում են իրենց փողոցով անցնող մի նոր ու տարօրինակ անծանոթի։ Մարդիկ են եղել, որ ինձ գումար են առաջարկել, երբ 300 կիլոմետր ոչինչի դիմաց ինձ մեքենայով տարել են։ Աննման մարդիկ են եղել, ում հետ մի քանի րոպե ես շփվել, բայց այնքան դժվար է եղել նրանցից բաժանվելը։

Նման կերպ ճամփորդելը միայն այդ ազատության և անկախության զգացումը չէ, որը ստանում ես միայնակ ճանապարհորդելիս և հետևում քո սեփական ուղղությանը, ապրում քո իսկ ռիթմով։ Բայց այն արկածն է, քամին մազերիդ մեջ, երբ կանգնած նայում ես մի բնապատկերի, որը երբեք առաջ չէիր տեսել, և ուղևորվում դեպի անհայտություն։ Լինի անապատային ճամփա կամ լեռնային ուղի, կամ ճիշտ ժամանակին ռադիոյով հնչած ճիշտ երաշժտություն։ Անգամ ոչ էլ գնացքը կամ օդանավը, այլ հենց այն ճամփան, որը, գիտես՝ միայն դու ես փորձառել։

Դա այն բարությունն է, որը գտնում ես վստահելու մեջ։ Ամենամութ տեղերում գտածդ լույսն է։ Երբ քո բոլոր հարմարավետությունները սրբվում-գնում են, բայց մեջդ մի բան մնում է․ ժպիտի մի շող, որը առկայծում է երեսիդ վրա, երբ միայն դու ես․․․ ու ճամփան»։

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *