Կորած մոլորվածները Հայաստանի ճամփեքին

Tea with Strangers. Open-air Chinese tea ceremonies with strangers around the world.

«Վերջին 13 օրերի ընթացքում մենք Հայաստանում ու Վրաստանում ճամփորդում էինք վարձակալած մեքենայով, սովորական մեքենա է՝ 4×4 կամ ջիփ չէ։ Եվ մենք կողմնորոշվում էինք հեռախոսիս վրա եղած GPS-ի օգնությամբ։ Պարզվեց, որ գուգլի քարտեզները Հայաստանում եղած ամեն գիծ ճանաչում են որպես ճամփա։ Կարծում եմ՝ այս պատմություն երկու մասից է բաղկացած։ Առաջին մասը, դա, երբ մենք Ստեփանավանից քշում էինք դեպի հյուսիս, որպեսզի մի քանի վանքեր այցելեինք։ Մենք կրկին մեր GPS-ն էինք օգտագործում։ Սկզբում ճամփեքը քիչ թե շատ լավ էին։ Հետո հեռախոսն ասում է՝ թեքվեք աջ։ Մենք քշեցինք գյուղի միջով, իսկ հետո ճամփան դեպի վեր բարձրացավ։ Շատ գեղեցիկ ճանապարհ էր, և մի հիանալի տեսարան էր բացվում դեպի կիրճը։ Ուստի մենք շարունակեցինք քշել։

Աստիճանաբար ճանապարհը սկսեց փչանալ՝ ավելի շատ փոսեր, ավելի քիչ ասֆալտ։ Ճանապարհը գնալով նեղացավ և շուտով մենք քշում էինք ցեխերի միջով՝ հաղթահարելով լիքը ծալքեր։ Որոշ հատվածներում շատ վախենալու էր դառնում, իսկ ես փորձառու վարորդ չեմ։ Մենք այնպիսի զգացողություն ունեինք, որ ուրիշ ելք չկա, պետք է պարզապես քշել առաջ, իսկ GPS-ն անընդհատ ասում էր՝ մնաց 7 րոպե, մնաց 7 րոպե։ Եվ իսկապես մենք վերջում դուրս եկանք նորմալ ճանապարհի վրա։ Ուրեմն սա միայն առաջին մասն էր։

Այս նույն օրվա ուշ կեսօրին մենք այցելեցինք Սանահինի վանքը, և ապա շարունակեցինք մեր ճամփան դեպի հանդիպակած Հաղպատի վանքը։ Նորից հետևում էինք գուգլի քարտեզներին։ Մի հատվածում ճանապարհը ճյուղավորվեց երկու մասի․ մեկը գնում էր դեպի վերև, մյուսը՝ ուղիղ։ Վերև գնացող ճամփան ավելի խոստումնալից էր երևում՝ նորմալ ասֆալտով էր։ Բայց նորից GPS-ն ասում էր՝ գնացեք ուղիղ։ Մենք իրար նայեցինք և որոշեցինք վերև գնալ։

Նորից նույն բանն եղավ։ Ճամփան գնալով վատը դարձավ և ի վերջո անհետացավ։ Բայց մեզ դեռ թվում էր, որ գնում ենք դեպի Հաղպատ, ուստի արժեր դրա միջով անցնել։ Ինչ-որ մի պահի GPS-ն անընդհատ կրկնում էր՝ մնաց 7-8 րոպե, ու ոչ մի կերպ այն չէր կրճատվում։ Մենք քշեցինք-քշեցինք ու շուտով հայտնվեցինք սարի գագաթին։ Այնտեղ գյուղ կար, բայց վանք չկար։ Գյուղացիները մեզ նայում էին, ասես՝ դուք էստեղ ի՞նչ եք անում։ Մի շատ ընկերասեր տղա մեզ մոտեցավ, մի քիչ գերմաներեն էր խոսում։ Շփվեցինք, նա մեզ ուղղությունները ցույց տվեց, հետո էլ հրավիրեց իր տուն օղի խմելու։ Բայց մենք չմնացինք, քանի որ դեռ ողջ ճանապարհը ներքև պետք է քշեինք։ Ի վերջո մենք Հաղպատը տեսանք միայն չորս օր հետո, երբ վերադարձանք Վրաստանից»։

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *